ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին:
«Խոսակցությունը խիստ պաշտոնական էր և կարող եմ ասել, որ բովանդակային և օգտակար։ Կան մի շարք նրբություններ, կարևոր է, որ այդ նրբությունների վերաբերյալ դիրքորոշումների գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,- նշել է նա:
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը Էրդողանի հետ հեռախոսազրույցում` անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:
Էրդողանը սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը անվանել էր «անընդունելի» և ասել, որ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կզգուշացնի նրան այդ մասին։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել է Հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էին խորհրդարանական «Ազատ Հայրենիք-մարզպետական կառավարում», «Արդարություն», ՀՅԴ «Դաշնակցություն» և «Արցախի դեմոկրատական կուսակցություն» խմբակցությունները։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին, իսկ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրել Հանրապետության Ազգային ժողով։ Հարությունյանն Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 21-ից։