1.«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գազի համաշխարհային գինը շարունակում է անկումը՝ հասնելով ռեկորդային գնի՝ 75 դոլար հազար խորանարդ մետրի համար: Չնայած դրան, Հայաստանը շարունակում է գազը գնել ֆիքսված գնով՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի համար: Եվ սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը կախված է մեկ մոնոպոլ մատակարարից՝ «Գազպրոմ»-ից, որն էլ թելադրում է իր ուզած գինը՝ անկախ միջազգային շուկայում տիրող իրավիճակից»:
2.«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ թոշակառուներ և նրանց ընտանիքի անդամներ պահանջում են, որպեսզի սոցապ նախարարությունը ժամանակավորապես կասեցնի բանկեր գնալու և ստորագրության միջոցով անձի ներկայությունը երկրում հաստատելու պահանջը: Թոշակառուներին կենսաթոշակ վճարող բանկերը պարտադրում են, որ նրանք տարին մեկ անգամ ներկայանան բանկ և հաստատեն Հայաստանում իրենց ներկայությունը: Մինչդեռ կորոնավիրուսի վտանգի պատճառով թոշակառուները զգուշանում են տանից դուրս գալ՝ համարելով, որ իրենք ամենառիսկային խմբում են: Սոցապնախարարությունը առայժմ քննարկում է այս պահանջը»:
3.«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մի քանի ներքաղաքային երթուղիներ սպասարկող ավտոբուսային գծեր կարող են այսօրվանից դադարեցնել իրենց գործունեությունը: Արտակարգ դրության հայտարարման հետ կապված՝ ավտոբուսների վարորդներից պահանջում են, որ ավտոբուսներում կանգնած ուղևորներ չլինեն, այլապես իրենք կտուգանվեն: Մինչդեռ ավտոբուսի վարորդներն ասում են, որ իրենք չեն կարող ամեն կանգառում կռիվ տալ ավտոբուս բարձրացած ուղևորների հետ և նրանցից պահանջել իջնել ավտոբուսից: Նման կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու լավագույն ելքը երթուղի դուրս չգալն է»:
4.«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել Արցախի համահայկական online (առցանց) համալսարան: «Ես առաջ եմ քաշում Արցախի համահայկական online (առցանց) համալսարանի ստեղծման գաղափարը: Այնտեղ դասավանդելու են Արցախի, Հայաստանի, Սփյուռքի լավագույն մասնագետները, և ուսանելու են աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցները և ոչ միայն: Սա ոչ միայն կրթական մեծ քայլ կլինի, այլև Արցախը համաշխարհային զարգացումներից մեկուսացնելու՝ հակառակորդի փորձերի ձախողմանն ուղղված քայլ»,- ասում է Արայիկ Հարությունյանը»:
5. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին կառավարության անդամ մարզպետները պետք է արձակուրդ մեկնեին եւ լծվեին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործին: Մասնավորապես, այդ առաքելությունն այս օրերին պետք է իրականացնեին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Սակայն վարչապետը երեկ եւ նախորդ օրը նոր որոշումներ է կայացրել, որով չեղարկել է մարտի 6-ի իր որոշումները, որն էլ ենթադրում էր այս պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելը»:
6.«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ վերջինս կրկին զգուշացում տվեց: Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։ Սակայն նախագիծը հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսվարողներ: Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ»: