Տավուշում հրմշտոցի հետևանքով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծանր վնասված չի ստացել, հայտնել է նույն խմբակցության պագամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա հավելել է, որ պատգամավորը լավ է։
«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»,- գրել է Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում։
Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն սկսելու Հայաստանի իշխանությունների որոշումից և ՀՀ վարչապետի գրասենյակի հայտարարություններից հետո, որ այս գործընթացի արդյունքում «ադրբեջանական սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին», Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել։
Ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։
Ապրիլի 21-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքող բնակիչները Տավուշի մարզում ճանապարհներ են փակել։ Իջևանի ճանապարհին բախում էր սկսվել։
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել էին գյուղի հարակից ճանապարհը՝ չթողնելով, որ Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար ականազերծման աշխատանքներ իրականացվեն։