ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին, հայտնել է X-ում։
Նա ասել է, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»:
«Իմ կյանքի մեծագույն պատիվն էր ծառայել ձեզ՝ որպես նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց, կարծում եմ, իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ մի կողմ քաշվեմ և կենտրոնանամ բացառապես նախագահի պաշտոնում իմ մնացած պարտականությունների կատարման վրա: Այս շաբաթվա վերջին կդիմեմ ժողովրդին՝ մանրամասն ներկայացնելով իմ որոշման մասին»,- ասել է Բայդենը:
Նա նաև պաշտպանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
BBC-ի հաղորդմամբ՝ բանավեճից հետո վերջին մեկ ամսվա ընթացքում Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու կոչերն ավելացել էին: «Առաջին օրերին Բայդենի պայքարից հեռանալու կոչերը հիմնականում գալիս էին լրագրողների և անանուն աղբյուրներից, այնուհետև որոշ հարուստ կուսակցությունների դոնորներ և դերասան Ջորջ Քլունին բացահայտորեն արտահայտվեցին: Հետևեցին կոնգրեսականները՝ նախ երկու տասնյակը Ներկայացուցիչների պալատի ստորին պալատից, իսկ հետո դեմոկրատները՝ գլխավոր պալատում՝ Սենատում, Բայդենին առաջարկեցին լքել ընտրապայքարը»,- գրում է հրատարակությունը։
Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Economist/YouGov-ի հարցումը, ամերիկացիների 51%-ը կողմ է արտահայտվել, որ Բայդենը դուրս գա ընտրապայքարից, 30%-ը՝ դեմ։