Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը վիճաբանել են։
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ է արել հրաժարվել կալանքից՝ որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
«Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետև դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»,- դիմելով Քննչական կոմիտեի ղեկավարին՝ ասել է պատգամավորը։
Աղազարյանը նաև «շատ կոպիտ» է որակել Քյարամյանի արձագանքը պատգամավորներից մեկի դիտողությանը։ «Այս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»,- ի պատասխան ասել է Քննչական կոմիտեի ղեկավարը։
Քյարամյանը խնդրել է պատգամավորին պատասխանել, թե ինչու է Քննչական կոմիտեի հետ երկու անգամ կապ հաստատվել Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով մեքենաների վերադարձի վերաբերյալ։ Քննչական կոմիտեի ղեկավարը պատգամավորին կոչ է արել պատասխանել հարցին կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության մասին խոսակցությունների համատեքստում։
Քննչական կոմիտեի ղեկավարի այս խոսքերին ի պատասխան՝ Աղազարյանը հարցրել է, թե ինչո՞ւ դեռևս չի ավարտվել իր որդու հետ կապված քրեական գործի քննությունը։ «Դուք ինչու՞ չեք իմ տղայի հետ կապված քրեական գործը հասցնում մինչև վերջ։ Միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանի՞ն։ Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա, և թող գործը գնա դատարան։ Հետևաբար, պարոն Քյարամյան, դուք լռիվ ապացուցում եք էն իմ անհանգստությունը, որ դուք որպես ճնշման միջոց եք օգտագործում»,- ասել է նա։
Դրանից հետո Աղազարյանն ու Քյարամյանը սկսել են սուր արտահայտություններ փոխանակել, իրավիճակը լարվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու պատգամավորները միջամտել են տեղի ունեցածին՝ հանգստացնելու պատգամավորին ու Քննչական կոմիտեի ղեկավարին։
Մանրամասները՝ տեսանյութում։