Դեկտեմբերի 4-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, հայտնել են Փաստաբանների պալատից։
Ըստ նախաձեռնող խմբի՝ նախարարը «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ է կատարել»։ Նրանք փաստեր են հրապարակել՝ դատախազին խնդրելով դրանց հիման վրա քրեական վարույթ նախաձեռնել։ Փաստերից մեկը Հովհաննիսյանի՝ 2021 թվականին արված հայտարարությունն է, ըստ որի՝ նա 1 000 000 դոլար անտոկոս փոխառություն է ստացել։
«Հովհաննիսյանը 1 050 000 դոլարով գնել է «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ հետագայում այդ կազմակերպությունը վերակազմավորել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերության, իր բաժնեմասերը վաճառել է ազգականին: 2022-ին «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին ՀՀ կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն դրամ։ 2023-ի դրությամբ՝ Հովհաննիսյանը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցել է 52 614 000 դրամի փոխառության պահանջի իրավունք»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «Հովհաննիսյանն իրեն պատկանող հյուրատունը վարձակալության է տրամադրել «Վարդենի» ՍՊ ընկերությանը, որին Ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով առանց մրցույթի ավելի քան 1 մլն դրամ է վճարվել։ Ընկերությունը, փաստաբանների փոխանցմամբ, «հիմնադրվել է 2019 թվականին՝ Հովհաննիսյանի կողմից, որը հետագայում փոխանցվել է իր ընկերոջը»։
Հովհաննիսյանը Ֆինանսների նախարար էր նշանակվել 2022-ի դեկտեմբերին։