Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարությունից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Փաշինյանը «բացատրել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում», ինչին Պուտինը «համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ է տվել»։
Վերջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նախորդ տարվա օգոստոսի վերջ՝ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո։