Քաղաքականությունն այդպիսի բան է․ վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է, ու երբեք չի աճում, բայց այդպես չի լինում, որ աճում է ու էլ երբեք չի նվազում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին հետազոտության (MPG Gallup) մասին, ըստ որի, եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեին, քաղաքացիների միայն 11%-ն է, որ պատրաստ է իր ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Փաշինյանն ընդունել է, որ խնդիր կա, բայց միաժամանակ հավելել է, որ դա միայն իր մեղքը չէ։ Նրա կարծիքով՝ իր մեջ առկա խնդիրը «արտահայտվում է բոլորի մեջ», քանի որ ինքն «օդից չի ընկել»։
«Եթե թույլ տաք և վիրավորական չհամարեք, բայց ձեր մեջ էլ է խնդիրը, բայց դա տարբեր խնդիրներ չեն, նույն խնդիրն է։ Մեր տարբերությունը միայն մեկ բանում է, որ ես իմ կարգավիճակի և անցած ճանապարհի բերումով ստիպված եմ առերեսվել, Դուք՝ ստիպված չեք, Դուք չունեք դրա կարիքը, բայց եթե ես չառնչվեմ այդ խնդրի հետ, տեղի կունենան բաներ և՛ ձեզ հետ, և՛ երկրի հետ, ինձ հետը՝ հլը ջհանդամ»,- ասել է նա։