Ցեղասպանության ժխտումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, Ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է, ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցեղասպանության ուրացումը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ Ընդհանրապես զարմանալի է, թե ինչպես կարելի է որևէ մեկին մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում, այլ ասում է՝ Ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ պետք է հարցնել, թե «ո՞նց է ստացվել, որ Խորհրդային Միությունը 1965-ին կառուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը»։
«ԽՍՀՄ-ը ճնշել է մեր ազգային ինքնագիտակցությունը։ Հիմա պետք է հարցնե՞նք, թե՞ ոչ՝ ո՞նց է ստացվել, որ Խորհրդային Միությունը 1965-ին կառուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը»։ Ու հարցի շարունակությունը հետևյալն է՝ իսկ դա կարո՞ղ էր կապ ունենալ երկրորդ աշխարհամարտից հետո սկսված սառը պատերազմի հետ, երբ աշխարհը հայտնվում էր բլոկների, և Թուրքիան հայտնվում էր արևմտյան բլոկում։ Փաստ է, որ հենց 1945, 1946 թվականներին Ստալինն այդ հարցերը բարձրացրել է։ Այդ հարցի պատասխանների հազարավոր տարբերակներից հնարավո՞ր է լինի մեկ հարց, որը կարող է կասկածի տակ դնել Մեծ եղեռնը։ Այդպիսի պատասխան չի կարող լինել»,- հավելել է վարչապետը։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել էր, որ Փաշինյանը կրկնում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։