ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքվի քարոզչության և պաշտոնական հռետորաբանության մեջ օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ուղիղ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Փաշինյանն ընդգծել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը կարող է էսկալացիա ծրագրել։ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը Բաքուն օգտագործում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 60 տոկոսն անվանելու համար, նշել է Փաշինյանը։
«Այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, առնվազն 60 տոկոսով։ «Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Աղստաֆա, Ղազախ, Քելբաջար, Զանգելան և այլն»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ այս բառապաշարը բացառում է Հայաստանի հետ ցանկացած բանակցություն։ «Չի կարող Հայաստանը որևէ մեկին հրավիրել քննարեկլ իր տարածքային ամբողջականությունը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Եթե որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, դա էլ է քրեական հանցագործություն»,- նշել է վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ պայմանով, որ Ադրբեջանը նոր հակամարտություն սկսելու մտադրություն չունի։ Նա հավելել է, որ նման դիրքորոշումը Հայաստանի համար ընդունելի է, եթե Բաքուն Մինսկի խմբի լուծարումը դիտարկի նույն տեսանկյունից, ինչ Երևանը՝ խաղաղության հասնելու։
«Եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: Մենք ուզում ենք համոզվել՝ Մինսկի խմբի համանախագահության լուծարումն Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում: Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եթե Ադրբեջանին դա ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը: Եթե դա Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս՝ Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը»,- հարցրել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի նման մտադրության հիմքեր կան։
2024 թվականի դեկտեմբերի 19-ին Փաշինյանը «կառուցողական» էր անվանել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջի վերաբերյալ։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։ Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։
Մանրամասները՝ տեսանյութում։