«Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում: Քաղաքացիների կողմից շարունակաբար անպատասխանատու վարքի ցուցաբերումը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը և հիասթափեցնելու է նրանց: Այս մասին պարետատան նիստից հետո նշել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ։
«Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում մահերի, ողբերգությունները, մահանում են մարդիկ, ընտանիքներ երբեմն»,- նշեց Սիմոնյանը։
Ճեպազրույցի ընթացքում ներկայացրելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը, Սիմոնյանը մի դեպք պատմեց: Քաղաքացին դեռևս ապրիլի 13-ին տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ՝ երկկողմանի ծանր թոքաբորբով:
«Նա մի շաբաթ ուշ է դիմել բուժօգնության: Ապրիլի 15-ից գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված, շուրջ հիսուն օր է: Բուժաշխատողներն անում են հնարավոր և անհնարին ամեն բան վերջինիս կյանքը փրկելու համար»,- ասել է Սիմոնյանը: