Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։ Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից։
Վեբինարին մասնակցել են Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և այլն։
Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը և հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով համավարակով պայմանավարված իրավիճակի մասին, ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ, հավանաբար, սա վերջին համավարակը չէ, և պետք է պատրաստ լինել նաև հետագային. «Վստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոխվել է, և վարակի վարքագիծն էլ համապատասխանում է այս նոր աշխարհին: Անհրաժեշտ է վերաձևավորել և փոխակերպել բոլոր այն ոլորտներում արված քայլերը, որոնք կատարել էինք անցյալում»:
Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, և ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետևաբար, պետք է վերաձևակերպի և սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարևոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տնտեսական խոչընդոտների հետ մեկտեղ առաջանալու են նաև պարենային անվտանգության խնդիրներ, և պետք է մտածել դրանք հաղթահարելու մասին։
Վեբինարի մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման իրենց երկրների փորձը և ձեռնարկված քայլերն ու միջոցառումները։ FAST հիմնադրամի և ամերիկյան «Մոդերնա» ընկերության համահիմնադիր ու նախագահ Նուբար Աֆեյանը տեղեկություններ է ներկայացրել «Մոդերնա»-ի կողմից համավարակի պատվաստանյութի մշակման աշխատանքների ընթացքի մասին։
Պատասխանելով համավարակի դեմ տարբեր երկրների համագործակցության մասին հարցին և անդրադառնալով ներկայացված տեսակետներին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել գիտական մոտեցումների վրա հիմնվելու հանգամանքը։
Շատ կարևոր է նաև կարգապահությունը։ Վստահաբար, Ճապոնիայում կամ Գերմանիայում վիրուսի դեմ պայքարի հաջողությունն ապահովվել է հենց կարգապահության շնորհիվ, -ընդգծել է նախագահը։ -Հաջորդ կարևոր կետը ծրագրի, ռազմավարության, տեսլականի առկայությունն է։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում տեսլականն ու ռազմավարությունը կարևոր են»։