Եթե մոտ օրերս նույն արագընթաց տեմպերով կորոնավիրուսի դեպքերի աճ ունենանք, սա կարող ենք դիտել որպես կորոնավիրուսի երրորդ ալիք: Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն պետ Ռոմելլա Աբովյանը:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի թվերի աճ է արձանագրվում:
«Ոչ միայն բնակչության շրջանում, այլև կազմակերպություններում հիմնականում չեն պահպանվում անվտանգության կանոնները։ Իմ կարծիքով՝ դա կապված է կոնկրետ տնտեսվարող կազմակերպության պատասխանատուի հետ, քանի որ կան նաև կազմակերպություններ, որտեղ այդ անվտանգության կանոնները հստակ պահպանվում են։ Դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, հանրային սննդի կազմակերպություններում, մեծածախ, մանրածախ առևտրի տոնավաճառներում սոցիալական հեռավորություն չի պահպանում, իսկ դիմակի մասին չենք էլ խոսում։ Դիմակն անցել է հետին պլան, այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև»,-հավելել է Ռ. Աբովյանը։