Ցավոք, դելտա շտամով վարակման պարագայում հիվանդության երիտասարդացում ենք նկատում և հիվանդության ընթացքի կտրուկ վատթարացում։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ այս պարագայում սպասվում է հիվանդության ավելի երկար ընթացք և առկա մահճակալային ֆոնդը չի բավարարի այն հաղթահարելու։
«Այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, որոնք օգտվում են հիվանդանոցային բուժօգնությունից»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ 20 և 28 տարեկան երկու հիվանդ կա, որոնք, որևէ ուղեկցող հիավանդություն չունենալով հանդերձ, այս պահին էլ միացված են արհեստական շնչառական սարքին։
«Ներկայումս Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը դելտան է։ Եթե 60 հետազոտությունից 50 և ավելը դելտան է, ապա դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ է և ճնշել է մյուս շտամները»,- նշեց նախարարը։
Անգլիական և հնդկական շտամների տարբերվող նշաններից են համի և հոտի անհետացման բացակայությունը, երկրորդը նման է հարբուխի, ինչը հատուկ չէ անգլիական շտամին։
Նշենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի 537 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 6 մահ։