Օգոստոսի վերջի դրությամբ ունենք պետական ապարատի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման ավելի քան 85 տոկոսը։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի ժամանակ։ Նա նշեց, որ վստահ է՝ այս ամիս այդ թիվը կմոտենա 100 տոկոսին։
«Պետական բարձր պաշտոնյաների մեծամասնությունը պատվաստված է։ Չեն պատվաստվել միայն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ»,- ասաց Հարությունյանը։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ երկիրն ավելի ու ավելի է հայտնվում տարբեր «կարմիր» գոտիներում, իսկ դա, իր հերթին, բացասաբար է անդրադառնում զբոսաշրջության զարգացման վրա:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նոր օրենք, որով 14 օրը մեկ աշխատողները պետք է հավաստեն, որ կորոնավիրուսով վարակված չեն։ Բացառություն կկազմեն պատվաստվածները, հղիներն ու հակացուցումներ ունեցողները։
Պահանջը չկատարելու դեպքում աշխատակիցը կարող է ազատվել աշխատանքից։ Հանրային ծառայության մասին այս օրենքի պահանջը չի վերաբերվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նրանք գրեթե 100 տոկոսով պատվաստված են։
Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 դեպք, 19 մարդ մահացել է։ Վերջին տվյալներով ՀՀ-ում կատարվել է 335721 պատվաստում։