Վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից, ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարարության նոր որոշումը, որի համաձայն՝ ՀՀ աշխատող քաղաքացիները 14 օրվա փոխարեն ստիպված կլինեն 7 օրը մեկ աշխատավայր ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մեկ ամսից ուժի մեջ մտնող մեկ ուրիշ որոշման նախագիծ դեռևս քննարկման փուլում է։ Դա հանրային վայրեր մուտքի սահմանափակումն է, եթե քաղաքացին չունի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման հավաստագիր։ Այդպիսի վայրեր են սննդի ընդունման կետերը, մշակութային որոշ օջախներ և ժամանցի վայրերը։ Ինչպես Խաչատրյանն ասաց՝ ցուցակը բավականին ընդգրկուն է։ Դեռ քննարկվում է «ՀայՓոստ»-ն այդ ցուցակում ներառելու հարցը, քանի որ դրա մասնաճյուղերը հիմնականում սպասարկում են ռիսկային խմբում գտնվող 65-ն անց քաղաքացիներին և հանդիսանում վարակի տարածման հիմնական վայրերից մեկը։
Բացի վերը նշված սահմանափակումներից՝ կառավարությունը սկսել է պատվաստված քաղաքացիներին խթանիչ դեղաչափով պատվաստելու գործընթացը։ Ինչպես նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր նախարար Ավանեսյանը՝ բոլոր այն քաղաքացիները, որոնց ամբողջական պատվաստումից անցել է 6 ամիս, կարող են մոտենալ շրջիկ կայաններ կամ պոլիկլինիկաներ և ստանալ խթանիչ (բուստերային) դեղաչափ։ Ըստ նախարարի՝ մշակված է հատուկ կարգ, թե որ պատվաստանյութով պատվաստվածներին ինչ պատվաստանյութով է ճիշտ բուստերիզացնել։
Ինչպես ասաց Հռիփսիմե Խաչատրյանը՝ 6 ամիս առաջ ամբողջական պատվաստված, բայց խթանիչ դեղաչափը չստացած քաղաքացիներից աշխատավայրի ղեկավարությունը չի պահանջի ՊՇՌ թեստեր։ Այդ որոշումն այս պահի դրությամբ հնարավորության, այլ ոչ թե պարտավորությունների մակարդակում է։
Նախարարության մամուլի խոսնակն ասաց, սակայն, որ կորոնավիրուսային բարդ իրավիճակում որոշումները իրավիճակին համարժեք են ընդունվում։ Չի բացառվում, որ նոր և առավել խիստ սահմանափակումներ էլ իրականացվեն, եթե համավարակային վիճակը սրվի։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 1 217 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 781 011, իսկ ամբողջական պատվաստվել է 436 380 քաղաքացի:
Արաքսյա Սնխչյան