Հայ հասարակության մեջ կեղծ օրակարգ է ձևավորվել այն մասին, որ նախկին և ներկա իշխանություններին այլընտրանք չկա։
Այս մասին հունիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ալյանս» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքով՝ դեռեւս չկողմնորոշված քաղաքացիների մեծամասնությունը պետք է հասկանա, որ ընտրության հնարավորություն ունեն՝ ուշադրություն դարձնելով ծրագրերին եւ առաջարկներին, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներին և սպառնալիքներին: Հեռուստաալիքների էկրաններին և սոցցանցերում մշտապես ցուցադրվում են միմյանց սևացնելու և փոխադարձ վիրավորանքների վրա հիմնված տեսահոլովակներ: Մինչդեռ, ինչպես կարծում է Տիգրան Ուրիխանյանը, այդ թանկարժեք րոպեները կարելի էր օգտագործել ծրագրերն ու երկրի ապագայի տեսլականը քարոզելու համար։ Ուրիխանյանը հույս է հայտնել, որ քարոզարշավի մնացած ժամանակահատվածում ընտրողները հնարավորություն կստանան ծանոթանալու այդ ծրագրերին:
Պատգամավորը նկատեց, որ «Ալյանս» կուսակցության՝ ընտրություններում հաջողության դեպքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դրական փոփոխություններ կնկատվեն: «Բոլոր նրանք, ովքեր կընտրեն 10 համարի քվեաթերթիկը, պետք է վստահ լինեն, որ մեր կուսակցությունը կկատարի իր նախընտրական ծրագիրը»,-հայտարարել է Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 մարդ: