ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտորդական առաքելությունըԱզգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև նախընտրական շրջանին:
«Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35-ից 45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին: Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը:
Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների:
Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային
անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»:
Զեկույցում նշվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:
«Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն
են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելիությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ
հռետորաբանության տարածմանը»,-ասված է զեկույցում:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ նշված հղումով: