Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր իր առաջին ճեպազրույցն է տվել՝ ներկայացրել ընտրական գործընթացի մեկնարկը։
Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ կա 2 մլն 593 հազար 772 ընտրող: 500 ընտրողներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով հունիսի 11-13-ն արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները ամփոփվելու են այսօր՝ քվեարկության ավարտից հետո:
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ընտրական գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծվել են 2008 ընտրատեղամասեր, այդ թվում 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
«Սահմանված կարգով և ժամկետներում առավոտից բացվել են 1996 ընտրատեղամասեր։ Առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 16064 քաղաքացիներից՝ 119-ը հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել 114 տեղամասեր։ Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինեն հանձնաժողովի նախագահները։ Տեղամասերից հինգում բացակայել է տեղամասի քարտուղարը»,-ասաց ԿԸՀ նախագահը։