«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող ուժը` ՔՊ-ն, բոլոր ուղղություններով լրջորեն նախապատրաստվում է ընտրություններին։ Ըստ աղբյուրի տեղեկությունների, Երևանի բոլոր համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացվում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու։
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացված գրասենյակները, որոնք կարճաժամկետ վարձակալվել, ապա փակվել էին, վերաբացվում են։ Օրինակ, Նորքի զանգվածում այսօր գրասենյակի հանդիսավոր բացում կլինի, որին կմասնակցի նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն Արմեն Կոտոլյանն է։ Ի դեպ, ՔՊ ակտիվը որոշել է ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել իրենց թեկնածուի հաղթանակի օգտին»,- հայտնում է թերթը։
Նշվում է, որ չնայած Ավինյանը գլխավոր շեշտը դրել է մայրաքաղաքում հեղինակություն և ձայն ունեցող անձանց վրա և կարծում է, որ նրանց հետ պայմանավորվածությունների արդյունքում են իր ձայները գալու, «սակայն ընդունել է նաև թիմակիցների դիտողությունները, որ Երևանի պողոսների վրա էլ է պետք աշխատել»,- գրում է թերթը: