Ադրբեջանցի զինվորականների կողմից փակած Կապան-Գորիս ճանապարհահատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված։ Հատվածը մոտ 5-6 կիլոմետր է, հստակ այս պահին չեմ կարող ասել: Բոլոր քաղաքացիները տարհանվել են՝ ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է։ Տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից նույնպես ուղղորդվում են, որպեսզի շրջանցիկ ճանապարհով անցնեն»,- ասել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: