Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել եմ միջազգային կառույցներին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ, և հրաժարվում են բացել: Այսօր նաև տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ:
Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- գրել է Թովմասյանը: