Փայլասարում ամեն ինչ նորմալ է, ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալի պնդմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է։ Արամ Հակոբյանը մեկ օր առաջ է եղել այդտեղ և վստահեցնում է, որ, թեև ճանապարհին կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց վտանգ չկա, նրանք ՀՀ քաղաքացիներին չեն կանգնեցնում։
Հարցերին՝ ինչպե՞ս է իրավիճակը Փայլասարում անփոփոխ, եթե ռուսական զորակազմն իջել է բարձունքից, և ինչպե՞ս է Գորիս-Կապան ավտաճանապարհն անվտանգ, եթե ադրբեջանցիներն օրեր առաջ ՀՀ հերթական քաղաքացու ավտոմեքենան էին կանգնեցրել և հարվածել մեքենային, Արամ Հակոբյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Սյունիքի սահմանների անվտանգության թեմայով փակ քննարկում էր տեղի ունեցել։ Փակ հանդիպումից հետո պատգամավորները տեղեկացրել են, որ Փայլասարի բարձունքից ռուսական զինծառայողներն իջել են։