Ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքվի հետ եղել է որոշակի պայմանավորվածություն, որ հայկական կողմը որոշ ժամանակ օգտվելու է Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածից։
Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պայմանավորվածությունը եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը հայկական կողմն օգտվելու է այդ ճանապարհից։ Ճիշտ է, այս ընթացքում եղել են որոշակի դժվարություններ, սակայն մինչև երեկ հայկական կողմն օգտվել է այդ ճանապարհից»,-հայտարարեց Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ մաքսակետը ենթադրում է այդ ճանապարհներից օգտվելու համար որոշակի վճարումների կատարում։
Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների շրջափակմանը, ապա Գրիգորյանը նշել է, որ սկզբում պետք է բացվեն արդեն պատրաստի տրանսպորտային ուղիները։ «Այս պահին որևէ ներդրում անրաժեշտ չէ, որպեսզի Երևանից դուրս եկող գնացը Թբիլիսով գնա Բաքու կամ Ռուսաստան։ Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, ապա դա նախատեսում է Ադրբեջանին հնարավորություն տալ Խնձորեսկից գնալ Բիչենեկ, իսկ հայկական կողմը գնա Հորադիզ»։