Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: