«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին ԱԽ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային հատվածում ստեղծված իրավիճակին
Փաշինյանը նշեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս․ «Ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կլինեն ճշգրտված տեղեկություններ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ. կմ ինքնիշխան տարածք»։
«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ․ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը»,-նշեց վարչապետը։
Մանրամասն՝ տեսնյութում։