Դելիմիտացիան և դեմարկացիան չի սկսվում Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեռևս 2021-ի մայիսին Կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջակությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նաև նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն ու ավարտին հասցնելը»,- հայտարարեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ մայիսին և դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ հանդես է եկել առաջարկով և, ըստ էության, բոլոր երեք անգամներն էլ հայկական կողմը համաձայնություն է տվել այդ գործընթացով առաջ գնալուն։
«Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,- ընդգծեց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է, և «դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ նախկինում մեր արած առաջակություններն ուժի մեջ են»։