ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարկել է այն զգուշացումը, որը օրերս ոչ պաշտոնական մակարդակով տարածվել էր հայաստանյան սոցիալական հարթակներում:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին այցելել Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածներ:
Խոսքը, մասնավորապես, Քարահունջ–Դավիթ-Բեկ և Կապան–Ճակատեն ճանապարհահատվածներից խուսափելու մասին է:
ԱՄՆ դեսպանության նամակում նշված է. «Հաղորդագրություններ են ստացվում Մ2 և Մ17 մայրուղիների ադրբեջանական մաքսային անցակետերում հսկողության ուժեղացման մասին: Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելված է որևէ ճանապարհորդություն կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի Մ17 և Կապան-Ճակատենի մայրուղիներով: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ուղեւորություններից»։
Հիշեցնենք, որ թե՛ Գորիս-Կապան, և թե՛ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական կողմը անցակետեր է տեղադրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն երթևեկի Գորիս-Կապան ճանապարհով, քանի որ այն վերահսկում է Ադրբեջանը: