Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը հանգիստ է եղել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչել։ Երեկ մինչև կեսօր՝ ժամը 14։30-ը, փոխհրաձգություն է տեղի ունեցել, իսկ երեկոյան իրավիճակը հարաբերական կայուն է եղել։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սոթքի և Վերին Շորժայի ուղղություններով։ Ադրբեջանական կողմն է հարձակվել, իրենք էլ ունեն կորուստներ՝ զոհեր և վիրավորներ»,- մանրամասնեց մարզպետը։
Անդրադառնալով դիրքերի ամրաշինական ընթացքին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարված են։
«Չեմ ասի՝ իդեալական վիճակում են, բայց դիրքերում ամրաշինական աշխատանքներ են կատարվել»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս ութ զինծառայող վիրավոր է։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը ևս ունի մարդկային կորուստներ։