«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։
Նախօրեին առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։
Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» ռ/կ-ի հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքեց տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը։ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», – ասաց Մադաթովան։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել է, որ ավելի քան 3 հազար քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։