Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:
Թեմայի շուրջ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում։
«Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»,- գրել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը: