Այսօր սահմանին իր նախաձեռնած սադրանքի հետևանքով Ադրբեջանը 3 վիրավոր ունի։ Այս մասին հայտնում են այդ երկրի ՊՆ-ից։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան։ Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: