ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևաքնով տուժած ՀՀ սահմանային բնակավայրեր կատարած իր այցերի մշտադիտարկման արդյունքներին։
«Եկեք ճշգրիտ լինենք, չեմ տեսել վայրագություններ, տեսել եմ վնասներ, տեսել եմ կործանված, քանդված, վնասված շինություններ։ Սա շոկային է» – նշեց դեսպանը։
Նա հայտնեց, որ տեսել է հայ կին զինծառայողի խոշտանգման տեսանյութը, որն ըստ նրա, պետք է հետաքննվի միջազգային չափորոշիչներով և այնուհետև պետք է կարծիքներ հնչեցվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: