Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Armenia Today-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին կայացել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որտեղ կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, մտքեր են փոխանակել հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ: Հաստատվել է համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։