ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Նախարարի տեղակալը շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին՝ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ չնայած համավարակի և պատերազմի հարուցած բարդություններին՝ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի՝ ի դեմս Կապան խոշորացված համայնքի, համատեղ ուժերով երիտասարդական կյանքն այս տարի առանձնակի կաշխուժանա Կապան քաղաքում և հարակից բնակավայրերում:
Երիտասարդական մայրաքաղաքում ծրագրվող միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Կապանում երիտասարդական համաժողովի անցկացման հնարավորությունը, որին կարող է մասնակցել նաև սփյուռքահայությունը՝ հեռավար ձևաչափով:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում երիտասարդական մայրաքաղաքում իրականացվելիք միջոցառումներին, որոնք նախարարությունը պատրաստվում է կյանքի կոչել իր և գործընկեր կառույցների միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։