Կառավարության նիստի օրակարգում Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է։
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 18-ի նիստում հաստատվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականին հատկացնել 470 200.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 65 000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 227 000.0 հազ. դրամ, ինն ամսում` 377 000.0 հազ. դրամ) հատկացնելու նախագիծը։
«Ավարտվել են նշահարման ու նոր ճանապարհային ցանցի հողային աշխատանքները։ Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Յուրաքանչյուր բնակելի տան հետ կկառուցվեն անասնագոմեր ու ցանկապատներ։ Աշխատանքներն, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավարտել մինչև 3 տարվա ընթացքում։ Առաջին փուլում՝ 2021 թվականին, նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհ՝ առանց ասֆալտապատման, երկրորդ փուլում՝ 2022 թվականին, բոլոր ենթակառուցվածքները, երրորդ փուլում՝ 2023 թվականին, հասարակական և արտադրական կառույցներ և շենքներ։ Առաջին երկու փուլերի իրականացման համար կհատկացվի 700 մլն դրամ»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:
Առաջին փուլում նախատեսվել է այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումն արդեն իսկ հաստատվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար: