Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին հարց ուղղեցին՝ կապված Խնձորեսկ և Քարահունջ համայնքների հետ։ Մատնանշեցին այն կասկածները, ըստ որոնց՝ նշված համայնքները հանձնվելու են Ադրբեջանին, դրա համար կառավարությունը չի ցանկանում այդ բնակավայրերն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրում։
«Չկա նման բան։ Կան որոշակի չափանիշներ, մասնավորապես, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնք համարվում են այն տարածքները, որտեղ գտնվող տների հեռավորությունը սահմանից գտնվում է որոշակի հեռավորության վրա։ Իսկ, օրինակ, ձեր նշած համայնքների բնակիչները իրենց տարածքը համարում են սահմանամերձ՝ նկատի ունենալով ոչ թե տների, այլ հողատարածքների հեռավորությունը սահմանից։ Այնուամենայնիվ, Խնձորեսկ և Քարահունջ համայնքները, ևս մի քանիսը նույնպես կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում, որոնք ստանում են աջակցություն։ Կա ևս մի քանի համայնքների վերաբերյալ առաջարկ։ Այս պահին ունենք 77 սահմանամերձ համայնք, հնարավոր է՝ ևս մի քանիսը ավելանան»,-նշեց Մ․ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության անցած նիստերից մեկում ընդունված նոր նախագծով փոփոխություն կատարվեց սահմանամերձ գյուղերին հատկացվող աջակցության ծրագրում։
Աջակցությունների գործող ցանկում մի քանի այլ կետեր են ավելացվել։ Հիշեցնենք նաև, որ սահմանամերձ 38 համայնքներին ավելացվել է ևս 39-ը, դրանց թիվը դարձնելով 77։ Համայնքները Գեղարքունիքի և մեծապես Սյունիքի մարզերում են։