Այս պահին Կապանում մարդիկ ապրում են իրենց առօրյայով։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նա հայտնեց, որ Կապանում իրավիճակի որևէ փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է։ Գևորգ Փարսյանը նշեց նաև, որ այս պահին սահմանների հետ կապված աշխատանքներ և, մասնավորապես, սահմանազատման գործընթաց չկա։
Հարցին՝ կա՞ արդյոք միտում, որ մարդիկ զանգվածաբար հեռանան սահմանամերձ գյուղերից, Գ․ Փարսյանը պատասխանեց՝ մարդիկ այս պահին ապրում են իրենց առօրյայով։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդեցին զարգացումներ՝ կապված սահմանազատման աշխատանքների հետ։ Սյունիքի մարզի համայնքապետերը պարբերաբար ահազանգում էին մարզում կատարվող սահմանանշման աշխատանքների մասին, որոնք շատ դեպքերում խնդրահարույց էին։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվել է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Արցախից տեղահանված անձինք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահված անձանց և զոհվածների մարմինների փոխանակում։