ՀՀ ԶՈւ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Սամվել Մինասյանը նախ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։
Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները հատել են պետական սահմանը և 3-3,5 կմ խորացել Հայաստանի Հանրապետության տարածք։
Կորպուսի հրամանատարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունը վերահսկվում է։ «Մեր ստորաբաժանումները գտնվում են ելման դիրքերում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժումների հետ անմիջական շփման պայմաններում։ Մոտակայքում գտնվում են նաև բնակավայրեր, բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա, բոլորին հասկանալի է, որ իրադրությունը շտկման փուլում է»,- ասաց Մինասյանը։
Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղել են իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։
Միջոցառման ավարտից հետո դեսպաններն ուղևորվել են Սև լճի տարածք։