«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ: Նշենք, որ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն հիմնել են թուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նախաձեռնության նպատակն է լրագրողական ուղևորության խմիջոցով լուսաբանել ՀՀ Տավուշի մարզի այն հատվածները, որոնք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագրի ստորագրման դեպքում կարող են օկուպացվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հայտնվել վերջինիս նշանառության տակ և/կամ հայաթափվել։ Լրագրողական ուղևորության նպատակն է տեղի բնակչության, հանրության լայն շրջանակների և որոշում կայացնողների գիտությանը հասցնել գոյանալիք սպառնալիքները, ինչպես նաև կանխել դրանք։
Armenaia Today-ի նկարահանող խումբը ևս Տավուշում է: Ուղևորության առաջին կանգառը սահմանամերձ Ազատամուտ համայնքն է:
«Եթե հիմք վերցվի, այսպես ասած, GPS -ային սահմանագծումը, իսկ եթե ավելի կոռեկտ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզը, ապա սա ստացվում է սահմանագիծ՝ բուն ՀՀ-ի և նախկին ադրբեջանական անկլավներից Բարխուդարլուի միջև»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Էլբակյանը՝ նշելով, որ վերոնշյալի իրականացման դեպքում երեք շենքեր կմնան Ադրբեջանի տարածքում:
«Մեր թիկոնքում կա մի շենք, որը պետական նշանակության է: Այդ դեպքում այն վերածվելու է սահմանային շենքի՝ իր բոլոր հետևանքներով»,-ասաց նա:
Ազատամուտը, քաղաքագետի խոսքով, խորհրդային տարիներին եղել է բանավան, իսկ այժմ բնակիչների համար եկամտի հիմնական աղբյուր են ծառայում այգիները:
«Այսինքն, բացի նրանից, որ այս տարածքի կորուստն անվտանգային նշանակություն կունենա, ու նաև հերթական հարվածը կլինի պետական ու ազգային ինքնությանը, ազատամուտցիներն անգամ կենսապահովման միջոցներ էլ չեն ունենա»,-հավելեց Էդգար Էլբակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.