Քանի որ Տեղ համայնքում թշնամու տարածք անցնելու հավանականությունը մեծացել է, Տեղում սահմանազատման աշխատանքներ են տարվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղի համայքապետարանը։
«Մոտ 2կմ երկարությամբ ճանապարհը տեխնիկայով փորվել է, որպեսզի երկկողմանի տարանջատվեն տարածքները։ Սահմանազատված տարածքում մոլորվելու հավանականությունը հասցվել է մինիմալի։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, որի ջանքերով վերջին ամիսներին վերադարձվել են թշնամու տարածք անցած մեծ թվով անասուններ, տեխնիկա և անգամ բնակիչ, կարևորում է նման ձևով սահմանազատումը։ Նրա խոսքով՝ սահմանին տեխնիկայի շնորհիվ նշագծումը կօգնի կողմնորոշվել գյուղաբնակներին թե՛ անասնապահության և թե՛ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։