ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Նշենք, որ նախօրեին Armenia Today-ի Գորիս քաղաքի աղբյուրը հաստատել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այնուհետև, ադրբեջանցիները օգոստոսի 27-ին բացել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։