Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ ՄԻՊ Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպումների ընթացքում պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։ Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում:
Այնուհետև, նա այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին: Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի, սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին։