Կապանի Դավիթ Բեկ բնակավայրի մասին խոսակցությունները, որտեղից 44-օրյա պատերազմի առաջին ազդակներն էինք ստանում, 2020-ից ի վեր կամրջվում են պատերազմի հետ:
Պատերազմից 2 տարի անց Armenia Today-ի նկարահանող խումբը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության հետ այցելել է գյուղ՝ հասկանալու, թե ինչ վիճակ է տիրում, և պարզելու, թե ինչպես են գյուղացիները դիմագրավում դժվարություններին և ապրում նոր պայմաններում։
Գյուղ մտնելու ճանապարհին հսկողություն են իրականացնում ուժայինները, ինչը հասկանալի պատճառներով չենք նկարահանել։
Գյուղի բնակիչներն Armenia Today-ին պատմեցին իրենց հոգսերի ու խնդիրների մասին։ Տիկին Նունուֆարը նախկինում մանկապարտեզի տնօրենն էր, այժմ տղայի բացած խանութն է աշխատեցնում: Փոքր գյուղում խանութները շատ են, փողը՝ քիչ, պարտքերի ցուցակը տարիների հնություն ունի: Եղանակն էլ իր հերթին մեղմ չի եղել այս տարի:
Ոռոգման ջրի հարցում շահել են. շաբաթը մի քանի անգամ հնարավոր է ջրել այգիները, բայց ճակատագրի հեգնանք՝ պատերազմի հետևանքով կրճատվել են վարելահողերը, ցանքատարածքներն ու արոտավայրերը։
«Թուրքերով շրջապատված՝ ինչ շահել։ Փայտի, խոտի հարցը դժվար ա, մարդիկ չեն կարողանում անասուն պահեն՝ տարածք չկա»,- ասում է տիկին Նունուֆարը։
Գյուղացիներին շատ է խանգարում ոռոգման ջրի հարցը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 65-ամյա Աշոտ Մովսիսյանը, որը 3 ուսանող է պահում Երևանում: Այստեղից էլ ինչով կարողանում է, օգնում է․ կաթ, մածուն ու պանիր է ուղարկում, որ երեխաներն առողջ սնվեն:
Թուրքի նպատակն էր գյուղը դատարկել, ասում է Աշոտ Մովսիսյանը ու նեղսրտում՝ մինչև պատերազմ Դավիթ Բեկի մասին ոչ ոք չէր լսել: Աշխատանքի, վարելահողի, ջրի բացակայությունը տեղացիների հիմնական խնդիրն է:
«Խմելու ջրի պակասություն կա, հետո էսօր բերքահավաք է սկսվել, բայց ոչ մեկը ոչ մի բանով չի ընդառաջում գյուղացիներին»,- ասում է նա։
Այնուամենայնիվ՝ Մովսիսյանը չի պատրաստվում հեռանալ գյուղից։ Եթե ոչ մարդկային, ապա գոնե նյութական կորստի տեսքով պատերազմը թակել է յուրաքանչյուրի դուռը: Այս ընտանիքն իր հողից մեկ հեկտար է կորցրել:
Մնացած տարածքում էլ անվտանգությունը երաշխավորված չէ, ինչ իմանաս՝ հերթական անգամ խոտ հավաքելուց թշնամին ի՞նչ տրամադրություն կունենա:
Մեր նկարահանող խումբը այցելեց նաև առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդավայրի դպրոցը, որը հենց իր անունով էլ կոչվում է: Ժամանակին աստեղ սովորել է ավելի քան երեք հարյուր հիսուն աշակերտ:
Այս ուսումնական տարում դպրոց կհաճախի 31 աշակերտ, որից 4-ը՝ առաջին դասարան։ Դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանի խոսքով՝ 5-րդ և 11-րդ դասարաններում, ցավոք, աշակերտ չկա, բայց այս տարի ութ շրջանավարտ են ունեցել:
«Մեր ուսուցիչները բոլորը համագյուղացիներ են, բարձրագույն ավարտ, ունենք մասնագետ, որ չկա՝ համագործակցում ենք կտակի հետ, ֆիզիկա առարկայի համար Լենինականից մի ուսուցչի հետ պայմանագիր ենք կնքել»,- ասում է դպրոցի տնօրենը:
Որպեսզի հեռավար դասերն իրականություն դառնան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչությունը դպրոցին համակարգիչ է նվիրել, պայմանավորվածություն կա նաև լուսամուտները թաղանթապատելու հարցում, որպեսզի պայթյունի դեպքում բեկորները չվնասեն դրանք:
Կառույցի ներկայացուցիչները հատուկ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մարդասիրական ականազերծման և արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների վերաբերյալ դասախոսություններ են անցկացրել։
Ապագայում նախատեսվում է հարյուր աշակերտի համար մոդուլային դպրոց կառուցել, քանի որ այս դպրոցն անմիջապես թշնամու նշանառության տակ է: Ուսուցիչները, քիչ աշակերտներով պայմանավորված, քիչ են վաստակում: Նրանք ազնվամորի են աճեցնում, որի պահանջարկը մեծ է հատկապես Կապանում:
Գյուղն ընկած է Գորիս և Կապան քաղաքների միջև, այն ճանապարհահատվածի վրա, որը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց փակվեց, քանի որ անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամփոփումից հետո Սյունիքի մարզի Գորիս-Կապան քաղաքները կապող գլխավոր ճանապարհի մի մասն անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ Դավիթ Բեկ գյուղը հայտնվել է Ադրբեջանի դիրքերից 1,5 կմ հեռավորության վրա։
Մանրամասները ՝ տեսանյութում: