Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։
Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։
Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, որոնք իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։