ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ այցելել է Վայոց ձոր և Սյունիք։
Վայոց ձորում մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին Վայոց ձորի մարզ կատարած այցի համար: Ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:
Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին տեղեկացրել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։
Սյունիքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ՄԱԿ-ի պատվիրակությանն է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության և այլ խնդիրներ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել։