ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների հետևանքները։
Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։