Արտաքին գործերի նախարարությանը կից գործող Մշակութային դիվանագիտության հարթակի կողմից ապրիլի 25 – մայիսի 2-ը կազմակերպվելու է ցուցահանդես, որը նվիրված է Արցախում մեր մշակութային և կրոնական հուշակոթողների և այլ արվեստի գործերի պահպանման խնդրին։
Միջոցառումը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը, տեղի է ունենալու Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, իսկ մուտքը բաց է լինելու բոլորի համար։
«Կցուցադրվեն 100-ից ավելի լուսանկարներ, ինչպես նաև ձեռագործ կոթողներ, գրքեր, որոնք տպագրվել են Շուշիում, նաև՝ գորգեր, կարպետներ․․․»,- ասաց արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա հայտնեց, որ այդ մասունքները ցույց են տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այսօր վտանգված է։ Իսկ երևույթը, որպես այդպիսին, կոչվում է մշակութային ցեղասպանություն, այն միտված է՝ ոչնչացնելու ինքնությունը և ներառում է նաև մշակութային ինքնության ոչնչացում։