Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-ից 9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տեղեկատվական բաժինը:
Այն աշխարհում առաջին փառատոնն է, որը հնարավորություն է ընձեռում մի վայրում միաժամանակ համախմբելու նման աշխարհահռչակ կոմպոզիտորների:
Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, որոնց կմիանա նաև Տիգրան Մանսուրյանը։
Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակի ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:
Փառատոնի ընթացքում անդրադարձ կլինի նաև մեկ ամիս առաջ կյանքին հրաժեշտ տված վրաց մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով այդպես էլ չհասցրեց ներկա լինելու փառատոնին:
Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ