Այսօր իր 93-ամյակն է տոնում հայ ֆուտբոլի պատմության մեջ իր մեծ ներդրումն ունեցած հայտնի հայ ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակ» (Մոսկվա) ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, որը խփել է 160 գոլ, ինչպես նաև լավագույն ռմբարկուն է ԽՍՀՄ առաջնության, որտեղ նա խփել է 133 գոլ:
Այսօր իր 91-ամյակն է տոնում նաև տաղանդավոր հայ երաժիշտ, կոմպոզիտոր, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: Գասպարյանը Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Երեք տարի առաջ աշխարհից հեռացավ խորհրդային հայտնի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, տաղանդավոր դերասան Ներսես Հովհաննիսյանը։ Ներսես Հովհաննիսյանն այս տարի կդառնար 81 տարեկան։ Հովհաննիսյանը մեր հիշողություններում կմնա որպես ռեժիսոր այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Լուսաբացից մեկ ժամ առաջ», «Հարսնացուն հյուսիսից», «Եկել ենք խոհարարի մրցույթին», «Թռիչքը սկսվում է երկրից», «Երջանկության մեխանիկա» և այլ ֆիլմեր։
«Երջանկության մեխանիկա» (1983) ֆիլմի համար Հովհաննիսյանն արժանացել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Նախարարների Խորհրդի մրցանակին: